Արծուիի (Արծվի Բախչինյանի) «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմությունների ժողովածուն նախ և առաջ գրավեց ինձ վերնագրով: Թեկուզ օրինաչափ չէ, որ ֆուտբոլի` անգործության մատնված դաշտում ձնծաղիկներ են աճում, բայց ամեն դեպքում ձնծաղիկները գեղեցիկ են: ՈՒ երբ դրանք տրորվում, հունցվում են հողի հետ ֆուտբոլիստների ոտքերի տակ, միևնույն է, տխուր է: Մանավանդ որ ձնծաղիկները տրորած ֆուտբոլիստներն առայժմ մեզ ֆուտբոլային բերկրանք չեն կարողանում պարգևել, և, իմ կարծիքով, իզուր է Արծվիի պատմության հերոս սպորտային «մասաժիստը» ջանասիրաբար մերսում բնության հրաշքը ավերած մարզիկների ոտքերը:
Թերթում ենք պատմություններն ու հասնում չորս բանաստեղծ տատիկներին, որոնց մեջ ամենակոլորիտայինը Սիրամարգ հոքիրն է` մարդկությանն անհայտ մնացած «Պոեմ խալադիլնիկի մասին» հանգավորված հորինվածքով, որից մի պատառիկ փրկել է գրքի հեղինակը. «Խալադիլնիկ, խալադիլնիկ / Դռդռում էր ոնց բուդիլնիկ»: Ինչպես այս, այնպես էլ այլ պատմություններ կարդալիս մտածում ես, որ դրանք հենց քո իմացած, քո ապրած պատմություններն են, որովհետև չափազանց ծանոթ են, հասկանալի, իրական, ինչպես խորհրդային տարիներին բոլորիս տներում դռդռացող «խալադիլնիկները»:
Արծվիի գրքում ապրող հերոսների պատկերասրահում մեզ համար բնավ օտարոտի չեն ո՛չ «բարևաժպիտին» անժպիտ արձագանքող հարևանները («Բարևաժպիտ»), ո՛չ ծխացող աղբամանի մեջ գրքերի տրցակը նետող տղան, ո՛չ երթուղային տաքսու` գիրք կարդալու առնչությամբ իր «խորհրդածումները» համասփռող ուղևորը («Գրքերով տղան») և ո՛չ էլ, իհարկե, երթուղայինի ամբարտավան վարորդը («Երթուղային նովել»):
Իսկ տղամարդկության, թաղային հեղինակության, ազգային «թասիբի» վերաբերյալ դիտարկումները Արծվիի պատմություններում միագիծ ու միանշանակ չեն: Ի՜նչ համեմատություն պարսկահայերի` ազգային արժանապատվության չափազանց միամիտ, անկեղծ, ինքնաբուխ, ծիծաղելի մղումի («Ազգային թասիբ») և թավջութակահար Էդվարդի ու ծպտյալ բոլերոն Արմենի` թաղի հեղինակությունների միջև, որոնք իրենց թաղում բնակություն հաստատած նոր հարևանի երեսին ուղղակի շպրտում են. «…դու էս թաղում ես ապրում, ուրեմն պտի թաղի օրենքներով գնաս… մեզ չի դզում, որ մեկը ըտենց մի բանով (թավջութակով-Կ. Ռ.) մեր թաղում ֆռֆռա…» («Թավջութակ»):
Երբ սկսեցի կարդալ «Անանասը», մտածեցի, որ Արծվին գրառել է իմ պատմությունը, թեև չէի հիշում` պատմե՞լ եմ ես այդ պատմությունը նրան: Ներսումս ոչ մի կասկած չմնաց, երբ հասա հետևյալ նախադասությանը. «Դա երևի առաջին անանասներից մեկն էր, որ մուտք էր գործել Խորհրդային Հայաստան և հաստատ ամենաառաջինը, որ մտել էր քաղաք Հոկտեմբերյան»:
Բայց հետո պատմությունը կտրուկ շեղվեց իմ կյանքի պատմության ընթացքից. Արծվիի անանասը համաքաղաքային ցուցադրության դրվելուց և լուսանկարիչ Բենիկի «Զենիթ» ապարատով լուսանկարվելուց հետո հասցրեց փչանալ ու առանց բաղձալի համտեսին արժանանալու` հայտնվել քաղաքային աղբանոցում:
Շատ ցավեցի, որ Արծվիին չէի պատմել մեր անանասի պատմությունը, այն ավելի հետաքրքիր էր ու «համեղ»:
Նույն Հոկտեմբերյան քաղաքում, նույն այն լճացման տարիներին (1970-ականների սկզբին), որոնց մասին գրել է Արծվին, ես համտեսել եմ իմ կյանքի առաջին անանասը` նույնպես բերված Մոսկվայից: Իմ լուսահոգի մորաքույր Սվետլանային էինք պարտական ես ու տատիս մեծ ընտանիքը այդ հրաշք էկզոտիկան վայելելու համար, և անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ այդուհետ իմ կերած ոչ մի անանաս` անկախ մշակման ու պահպանման տեխնոլոգիայից, ինձ այդքան համեղ չի թվացել: Երևի միշտ շռայլ ու սիրառատ մորաքույրս էր անանասի մեջ ներդրել այդ բացառիկ, անօրինակ համը: ՈՒ մենք պարզապես հրճվանքով վայելեցինք այն` չմտածելով անգամ անանասը լուսանկարելու առաջարկով դիմել տատիս առանձնատան պատկից հարևան, Հոկտեմբերյանի առաջին, դասական լուսանկարիչ Մամիկին կամ էլ դիմացի շենքի տակ իր մոդեռն լուսանկարչատունը բացած լուսանկարիչ Վահանին:
Լա՜վ, թողնեմ զեղումներս. սա արդեն իմ պատմությունների գիրքն է, որ չեմ կարծում, թե երբևէ կհանձնեմ թղթին:
ՈՒ վերջին մի հայացք գցեմ Ձնծաղիկների գրքին:
«Լեդի Լի՛լի» պատումը ավարտուն վիպակ է հիշեցնում: Թվում է, թե ընթերցողը պիտի շնչահեղձ լինի` կպչուն Լիլիկ-Լի՛լիի անամոթ, ենթադրելի ձևականություններից զերծ վարքի դրսևորումներին իրազեկ դառնալով, սակայն այս պատմության մեջ իրական եղելության, իրապատումի զգացողությունը տեղի է տալիս գրական պայմանականության առաջ, և Արծվիի շարադրանքից հառնում է մի տրագիկոմիկական կանացի կերպար, որը համոզիչ ու բնական է այնքան, որ անգամ կարեկցանքի զգացումներ է ծնում ընթերցողի մեջ, թեև իրականում շատ ավելի մեծ կարեկցանքի կարիք ունի նրա գլխավոր զոհը` խմբագիր Զորիկ Մկրտչյանը:
Գրքի առաջաբանում Արծվի Բախչինյանի պատմությունների մասին իր դիտարկումներն է ներկայացրել Էլդա Գրինը` կոչելով դրանք «Անհավակնոտ պատմություններ»: Իսկ հեղինակային առաջաբանում Արծվին համառոտագրել է իր նպատակը. «Նպատակս համեստ է` ուզում եմ ամեն մի գրությամբ բարևս տալ ու ժպտալ այս գիրքս բացող ամեն մեկին: ՈՒ հուսով եմ, որ ընթերցողը նույնպես կպատասխանի բարևաժպիտով…»:
Այս հրապարակմամբ ես փորձեցի Արծվիին պատասխանել իմ «բարևաժպիտով»: Չգիտեմ` հաջողվե՞ց նաև ընթերցողին փոխանցել այն:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ